Պատմություն
Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան (World Robot Olympiad, ՌՀՕ) գիտության, տեխնոլոգիայի և կրթության ոլորտներին առնչվող միջազգային նախագիծ է, որի նպատակն է միավորել աշխարհի դպրոցահասակ երեխաներին և երիտասարդներին ռոբոտաշինության շուրջ և զարգացնել նրանց ստեղծարարությունը, նախագծելու և խնդիրներ լուծելու հմտությունները` կրթական հետաքրքիր մրցույթի միջոցով։
Արդեն 15 տարի է, ինչ ՌՀՕ-ն զարգացնում է այս կրթական հարթակը։ Միջազգային առաջին մրցույթը տեղի է ունեցել 2004 թ.-ին, երբ մասնակցել է 12 երկրից 4000 թիմ։ Այսօր մրցույթն ամեն տարի միավորում է հազարավոր երեխաների աշխարհի ավելի քան 65 երկրներից:
Ռոբոտաշինությունը հիանալի հարթակ է 21-րդ դարի մարտահրավերների դիմագրավմանն անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելու համար։ Ռոբոտաշինությունն առնչվում է բազմաթիվ ուսումնական առարկաների հետ, և եթե աշակերտները լավ սովորեն բնագիտական առարկաները, ճարտարագիտությունը, մաթեմատիկան և համակարգչային ծրագրավորումը, ապա ձեռք բերված գիտելիքները կկարողանան լավագույնս կիրառել ռոբոտներ ստեղծելու համար։
Մեր մասին
Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլի անցկացումը «Այբ» կրթական հիմնադրամի բազմաթիվ ծրագրերից մեկն է, որն ուղղված է երեխաների մոտ կրթության, նորարարության և ստեղծագործականության հանդեպ հետաքրքրության խթանմանը, միջազգային ամենասիրված ու հայտնի դպրոցական մրցույթների ներկայացմանը Հայաստանում ու Արցախում և դրանցում հայ երեխաների մասնակցության ակտիվացմանը:
«Այբ»-ն ամեն տարի մեր երկրում անցկացնում է նաև մի շարք այլ միջազգային ու տեղական զանգվածային դպրոցական մրցույթներ՝ «Կենգուրու. մաթեմատիկան բոլորի համար», «Մեղու. հայերենը բոլորի համար», «Ռուսական արջուկ. լեզվաբանությունը բոլորի համար», Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշար: Այս մրցույթներով «Այբ»-ն անգամ ամենահեռավոր գյուղերի երեխաներին հնարավորություն է տալիս աշխարհում իրենց միլիոնավոր տարեկիցների հետ ուժերը փորձելու և դպրոցական առարկաները նորովի ճանաչելու ու սիրելու:

Թիմերի գրանցում
ՌՀՕ-ն թիմային մրցույթ է։ Մասնակից թիմերը նախագծում ու կառուցում են ռոբոտի մոդել, որը կարողանում է իրական կյանքում ծագող խնդիրներ լուծել:
Թիմում մասնակիցների նվազագույն թիվը 2-ն է, առավելագույնը` 3-ը: Թիմը պետք է ունենա մարզիչ, ով պետք է լինի առնվազն 20 տարեկան: Թիմի մարզիչը չի կարող լինել թիմի անդամ:
- Սովորական մրցույթի մասնակիցների տարիք.
- Տարրական` մինչև 12 տարեկան աշակերտներ (մրցույթի տարվա դրությամբ)
- Կրտսեր` 13-15 տարեկաններ (մրցույթի տարվա դրությամբ)
- Ավագ` 16-19 տարեկաններ (մրցույթի տարվա դրությամբ)
- «ՌՀՕ ֆուտբոլ» մրցույթի մասնակիցների տարիք. 10-19 տարեկաններ(մրցույթի տարվա դրությամբ)
- Բաց մրցույթի մասնակիցների տարիք.
- Տարրական` մինչև 12 տարեկան աշակերտներ (մրցույթի տարվա դրությամբ)
- Կրտսեր` 13-15 տարեկաններ (մրցույթի տարվա դրությամբ)
- Ավագ` 16-19 տարեկաններ (մրցույթի տարվա դրությամբ)
- WeDo սովորական մրցույթին կարող են մասնակցել մինչև 10 տարեկան երեխաները:
Օլիմպիադայի ազգային փուլին մասնակցելու համար հարկավոր է մասնակցության հայտ լրացնել մինչև 2019 թ. ապրիլի 30-ը ներառյալ:
Մասնակցության վճարը կատարելու վերջնաժամկետը 2019 թ. մայիսի 31-ն է: Մասնակցության վճարը փոխանցեք «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում բացված «Այբ» կրթական հիմնադրամի 1930055663050100 հաշվեհամարին:
Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլը տեղի կունենա հունիս ամսին:
Ռեսուրսներ
Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի համար անհրաժեշտ նյութերը և տեղեկությունները հասանելի են այստեղ:


Հովանավորություն
Մենք ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր ցանկանում են աջակցել Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ստեղծմանն ու կայացմանը Հայաստանում` նպաստելով մեր երկրում ռոբոտաշինության զարգացմանն ու բնական գիտությունների, ճարտարագիտության և համակարգչային ծրագրավորման հանդեպ երեխաների շրջանում սիրո և հետաքրքրության խթանման շնորհակալ գործին:
Եթե ցանկանում եք ավելի մանրամասն տեղեկանալ, թե ինչպես կարող եք աջակցել մրցույթի կայացմանը Հայաստանում, խնդրում ենք կապվել «Այբ» կրթական հիմնադրամի հաղորդակցության և ֆոնդահայթայթման բաժնի հետ:
Հաճախ Տրվող Հարցեր
Ո՞վ կարող է մասնակցել մրցույթին
Մրցույթին կարող են մասնակցել 10-19 տարեկան աշակերտները հետևյալ տարիքային խմբերից որևէ մեկով.
- Սովորական մրցույթի մասնակիցների տարիք.
- Տարրական` մինչև 12 տարեկան աշակերտներ (մրցույթի տարվա դրությամբ)
- Կրտսեր` 13-15 տարեկաններ (մրցույթի տարվա դրությամբ
- Ավագ` 16-19 տարեկաններ (մրցույթի տարվա դրությամբ)
- WeDo` մինչև 10 տարեկան երեխաները:
- «ՌՀՕ ֆուտբոլ» մրցույթի մասնակիցների տարիք. 10-19 տարեկաններ(մրցույթի տարվա դրությամբ)
- Բաց մրցույթի մասնակիցների տարիք.
- Տարրական` մինչև 12 տարեկան աշակերտներ (մրցույթի տարվա դրությամբ)
- Կրտսեր` 13-15 տարեկաններ (մրցույթի տարվա դրությամբ)
- Ավագ` 16-19 տարեկաններ (մրցույթի տարվա դրությամբ)
Որքա՞ն է կազմում մասնակցության վճարը
Հայաստանում ՌՀՕ ազգային փուլի մասնակցությունը վճարովի է: Յուրաքանչյուր թիմի համար միանվագ վճարը կազմում է 10.000 ՀՀ դրամ:
Ո՞րն է գլխավոր մրցանակը
- «ՌՀՕ 2019»-ի ազգային փուլի գլխավոր մրցանակը 2019 թ.-ի Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի միջազգային փուլին մասնակցելու ուղեգիրն է:
- 2019 թ.-ի Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի միջազգային փուլին հայաստանյան թիմ(եր)ի մասնակցության ծախսերը հոգում է «Այբ» կրթական հիմնադրամը:
Ե՞րբ են առաջադրանքները հրապարակվում
Առաջադրանքները հրապարակվում են յուրաքանչյուր տարվա հունվար-փետրվար ամիսների ընթացքում:
Հնարավո՞ր է գումարները հետ ստանալ եթե թիմը գրանցվել է, սակայն չի մասնակցել ազգային փուլին:
ՌՀՕ-ի անցկացման կարգի համաձայն՝ ՌՀՕ ազգային փուլին գրանցված թիմը պետք է հաստատի իր կազմն ու մասնակցությունը օլիմպիադային մինչև 2019 թ.-ի հունիսի 7-ը ներառյալ: Հունիսի 7-ից հետո ՌՀՕ-ին մասնակցելուց հրաժարվող թիմի կողմից վճարված մասնակցության գումարը վերադարձման ենթակա չէ:
Եթե Ձեզ հետաքրքրող հարցն այս բաժնում կամ մրցույթի անցկացման կարգում չգտնեք, գրեք wro@ayb.am էլհասցեին կամ զանգահարեք (+ 374 10) 54-37-07 հեռախոսահամարով. պատրաստ ենք սիրով պատասխանելու բոլոր հարցերին:
